Վրաստանի նախագահի վարչակազմից 61 աշխատակից է հեռացվել
Վրաստանում կադրերի վերակազմավորման հերթական փուլի արդյունքում երկրի նախագահի վարչակազմից 61 աշխատակից է ազատվել, գրում է apsny.ge կայքը:
Ինչպես հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Խատիա Մոիսցրապիշվիլին, հարցազրույցի արդյունքում իրենց պաշտոնին են մնացել 37 աշխատակից, ևս 11-ի հարցը չի դիտարկվում, քանի որ վերջիններս մայրության արձակուրդի մեջ են գտնվում և պաշտպանված են օրենքով:
Հիշեցնենք, որ վերակազմավորման առաջին փուլը սկսվել է 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին և տևել մինչև այս տարվա հունվարի 15-ը:
Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ երկրորդ փուլի շրջանակում կրճատված քաղծառայողների տվյալները կհայտնվեն քաղծառայողների բյուրոյում, որպեսզի մեկ ամսվա ընթացքում նրանց համար նոր պաշտոններ գտնվեն: Ծառայությունը շարունակել ցանկացողները նոր պաշտոններ կզբաղեցնեն, իսկ չցանկացողները՝ միանվագ փոխհատուցում կստանան: