Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «ԲՀԿ» և «ԼՀԿ» խմբակցությունների՝ նախնական կալանքի 1 օրը 1,5 օր հաշվելու օրինագծին
Այսօր Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որտեղ առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:
Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը ևս մերժվեց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի:
Նա նկատեց, որ կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ «Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց նա: