Թրամփը դեռ չի որոշել՝ կբարձրանան արդյոք չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ կբարձրանան արդյոք չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առեւտրային տարաձայնությունների լուծման նպատակով: Բիզնես խմբերն ու տնտեսագետներն ասում են, որ այս շաբաթվա բանակցությունները չափազանց կարճ էին, որպեսզի կարգավորեին Պեկինի տեխնոլոգիական հավակնությունների վերաբերյալ տարաձայնությունները:
Ըստ նրանց, Չինաստանի նպատակն է համոզել Թրամփին հետաձգել մաքսատուրքերի բարձրացման վերջնաժամկետը: Ենթադրվում է, որ Թրամփը կարող է մարտի 2-ին հայտարարել մաքսատուրքերի բարձրացման մասին, եթե կողմերը համաձայնության չգան:
«Մթնոլորտը լավն է», - Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լարրի Քուդլոուն: Նա նշել է, որ Թրամփը սակագները բարձրացնելու մասին «որեւէ որոշում չի կայացրել»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ եթե բանակցությունները լավ ընթանան, նա կարող է հետաձգել վերջնաժամկետը:
Երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ ճգնաժամը մտավախություններ է առաջացրել, որ կհանգեցնի տնտեսական գլոբալ աճի թուլացմանը:
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ նրա չինացի գործընկեր՝ փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ պատվիրակությունները հանդիպել են կառավարության ընդունելությունների տանը:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք կողմերին հաջողվել է համաձայնության գալ: