Պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներին և հորդորեց աջակցել մեխանիզմների զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ անցած տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր, այդ թվում՝ գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։ «Սա կարևոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը»,-ասաց նա։
Վարչապետը հետաքրքրվեց նաև խոշոր եղջերավորների արտահանման հնարավորություններից և պատասխան ստացավ, որ այդ հարցում գնային առումով քիչ մրցունակ ենք, բայց հարկային օրենսդրության որոշակի բարելավումների արդյունքում կենդանիների մսի արտահանման հնարավորություններ կստեղծվեն:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց ուսումնասիրել գյուղացիական տնտեսություններից մինչև արտահանումը ինչ մեխանիզմներ են գործում, օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն, թե չունեն:
«Օպտիմալացման համատեքստում գործառույթային ճշգրտումները կարևոր ենք համարում և պետք է արդյունավետությունը բարձրացնենք և եթե կրթական ուղղությունների մասին է խոսքը, համապատասխան գերատեսչությունը պետք է ներգրավված լինի, և համագործակցելու պոտենցիալը լիարժեք օգտագործվի»,-ասաց նա: