Փաշինյանի կոշտ պատասխանը Մարուքյանին՝ չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ...
Գալիս ասում են՝ էս կառավարությունը ոնց որ ուզում է ամբողջ բեռը հին իշխանության վրա գցի. Ու դրանով, հնարավոր է, բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:
«Սենց սոուսով ներկայացնում են, թե դե առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում, հետո Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում: Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ոչ Ռոբերտ Քոչարյանը, հասկացաք չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց: Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի այսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը: Թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում:
Հիմա եթե ասեմ ձեզ, թե պարզ չի՞ թե Սերժ Սարգսյանը ինչով է մեղավոր: Մեղավոր է նրա համար, որ այո, ասում էր՝ ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կգա կկզի կմուծվի, նա էլ բիզնես կանի: Դրանում է մեղավոր: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտնած, այ դրանում է մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրենց դրեք նույն հարության վրա»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ Մարուքյանն ու իր թիմակիցները 2018-ին էլ էին նույն բանն ասում. «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում: Մենք ոնց կարող ենք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարների պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք: Հիմա եկել դարձել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով է հավատում, ով չի հավատում: Իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են:
Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»,- ասաց Փաշինյանը, ինչին դահլիճում ներկա «Իմ քայլի» պատգամավորները արձագանքեցին ծափահարություններով:
«Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետեւ որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղում ստեղծվում է»:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նշելով. «Խոսում եք Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության, Հայաստանի ինքնության մասին, ու ձեր հիմնարկի դիմաց տնկում եք Հայաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դրոշները: Մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք է արտաքին քաղաքականությունը հավասարակշռենք: Բա Ռուսաստանի դրոշը ինչու չեք կախել, էլ չեմ ասում՝ Վատիկանի դրոշը»:
Ասում են՝ հիմա էլ կա կոռուպցիա, հովանավորյալին նշանակել ես ռեկտոր, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով հայտարարել էր, որ ԿԳ նախարարն իր մերձավորին նշանակել է Ագրարային համալսարանի ռեկտոր, վերջինս էլ իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է նշանակել:
«Կամ ապացուցեք, որ հովանավորյալն է, կամ ներողություն խնդրեք այս ամբիոնից»,-ասաց Փաշինյանը:
«Ասում է՝ ռեկտորն իրեն 850 հազար դրամ աշխատավարձ է նշանակել: Ոչինչ, որ այդ ռեկտորը եւս 300 հոգու աշխատավարձ բարձրացրել է: Այսինքն ազգային կրթության հենասյունը պիտի 800 հազար դրամ աշխատավարձ չստանա՞: Այլ պետք է ասենք, մի հատ «ճ» կլասի միջազգային կազմակերպություն կարողանա գալ ու այդ նույն մարդուն 5 անգամ ավել աշխատավարձ տա՞: Սա է նոր Հայաստանի տնտեսական հեղափոխության մասին պատկերացումը»: