Էրդողանը որպես իր կուսակցության նախընտրական երգ ընտրել է ադրբեջանցի կատարողի երգը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ որպես նախընտրական քարոզարշավի երգ է ընտրել ադրբեջանցի հայտնի կատարող Շամիստան Ալիզամանլըի «Հաղթանակ բիսմիլլյահ» երգը:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական minval.az կայքը, ադրբեջանական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հայտնի երգիչը «Հաղթանակ բիսմիլլյահ»-ը կատարել է թուրքական «Հարություն առած Էրթուղրուլ» հեռուստասերիալում:
Հայտնի է, որ կուսակցության նախընտրական երգն ընտրել է անձամբ նախագահ Էրդողանը:
Ի դեպ, «Բիսմիլլյահ» բառացի նշանակում է «Հանուն Աստծո», Ղուրանում տեղ գտած այդ բառով մահմեդականները սկսում են աղոթքներ, պայմանագրեր, կտակներ, «բիսմիլլյահը» արտասանվում է կարևոր գործեր նախաձեռնելուց առաջ՝ խնդրելով Աստծո օրհնանքը, այդ բառով են սկսվում նաև Ղուրանի գրեթե բոլոր սուրաները՝ բացի մեկից: