Կրասնոդարի բնակիչը մեկ օրով տրամվայ է վարձակալել ու անվճար պտտեցրել մարդկանց (տեսանյութ)
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի բնակիչը մեկ օրով տրամվայ է վարձակելել ու դրանով անվճար պտտեցրել քաղաքացիներին, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իվան Կալուգին անունով քաղաքացին վարձել է ամենաերկար՝ 5-րդ երթուղով անցնող տրամվայը, վարձակալության մեկ ժամի համար նա վճարել է 3 200 ռուբլի:
Գործակալության հետ զրույցում նա պատմել է, որ ցանկացել է պարզապես լավ բան անել քաղաքի բնակիչների համար՝ կարճ ժամանակով ուրախացնելով նրանց:
«Ես ուղղակի երթևեկում էի տրամվայի մեջ…Եվ նկատեցի, որ մարդիկ շատ տխուր են: Մտածեցի, թե ինչպես կարող եմ օգնել միանգամից մի քանի հազար մարդու, մի փոքր երջանիկ դարձնել նրանց: Ես փորձում եմ բարի գործեր կատարել, փոքր, բայց ես ցանկանում էի մեծ ինչ-որ բան անել: Եվ ես մտածեցի՝ ինչո՞ւ չգնել տրամվայը, թեկուզ մեկ օրով», - նշել է բարերարը:
Ոմանք Իվանի քայլը համարել են նպատակաուղղված գովազդ, քանի որ նա մարքեթինգային գործակալություն ունի: Սակայն, երիտասարդը հավաստիացնում է՝ իր նպատակներն այլ են: