Բառնաուլի օդանավակայանում ինքնաթիռի շարժասանդուղքի փլուզման կադրերը (տեսանյութ)
Համացանցում են հայտնվել Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռներից մեկի շարժասանդուղքի փլուզման կադրերը:
«ВКонтакте» սոցկայքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է շարժասանդուղքը հանկարծակի փլուզվում հենց այն պահին, երբ դրա վրա կանգնած մարդիկ օդանավ են մտնում: Միջադեպի հետևանքով 6 մարդ ընկել է գետնին:
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ տուժածներից 4-ը հոսպիտալացվել են: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման» մասին հոդվածի հիման վրա: Միևնույն ժամանակ, դատախազությունը և Ալթայի տրանսպորտի նախարարությունը համապատասխան ստուգումներ են սկսել:
Հայտնի է, որ փլուզված շարժասանդուղքը վերջին անգամ ստուգում էր անցել անցյալ տարվա հոկտեմբերին: Այժմ, սակայն, Բառնաուլի օդանավակայանի բոլոր սարքավորումները կրկին ստուգման կենթարկվեն:
Օդանավակայանի ղեկավարությունը ներողություն է խնդրել տուժածներից ու խոստացել փոխհատուցել բոլոր բժշկական ծախսերը: