Ո՞ւմ կարծիքն ու տեսակետն է արտահայտում «Իմ քայլի» պատգամավորը
ՀԱԿ փոխնագահ Լեւոն Զուրաբյանը ադրբեջանական «Թուրանին» հարցազրույց էր տվել, ասելով, թե հակամարտ կողմերը պետք է պատրաստ լինեն երկուստեք զիջումների:
Կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով հարցազրույցին, հայտարարել է, թե ով Արցախի հակամարտության կարգավորման հարցում խոսում է փոխզիջումներից՝ անհայրենիք կերպար է:
Նորություն չէ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալիս սկանդալային հայտարարություններով, նորություն չէ, որ հետո դա գոնե խմբակցության ղեկավար Մակունցի մակարդակով մնում է անարձագանք, բայց այս դեպքն արդեն անցնում է բոլոր սահմանները:
Եթե «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնապես չի արձագանքում իր ներկայացուցչի հայտարարությանը եւ լռում է, ապա ստացվում է, որ ամբողջովին կլիսում է Սոֆյա Հովսեփյանի տեսակետը, իսկ եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է Նիկոլ աշինյանը հանդիպում Իլհամ Ալիեւի հետ:
Եթե «Իմ քայլը» առնվազն չի մեկնաբանում Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը, եթե նրա փոխարեն ներողություն չի խնդրում Լեւոն Զուրաբյանից, ապա կարող ենք եզրակացնել, որ խմբակցությւոնը կիսում է նրա տեսակետը:
Միշտ էլ կործանարար են եղել ծայրահեղական դրսեւորումները եւ մոտեցումները: Դժվար է հասկանալ եւ նրանց, ովքեր ինքնամոռաց պատրաստ են տարածքներ զիջել ոչնչի դիմաց, դժվար է հասկանալ նաեւ նրանց, ովքեր հայտարարում են, թե փոխզիջումների մասին խոսողները դավաճաններ են: Ստացվում է, որ ըստ Սոֆյա Հովսեփյանի անհայրենիք է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը եւս փոխզիջման կողմնակից է:
Անընդունելի եւ անհասկանալի է այն տոնը եւ ոճը, որով Սոֆյա Հովսեփյանը եւ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ վիրավորում եւ անգամ սպառնում են միմյանց: Անդուր եւ տհաճ մթնոլորտ է, հատկապես, որ կողմերից մեկը կառավարող խմբակցության ներկայացուցիչ է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am