Վրացի կին պատգամավորի մասնակցությամբ ինտիմ տեսանյութի տարածողը հայտնաբերվել է ՀՀ բանտերից մեկում
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների, ինչպես նաև Facebook սոցկայքի ադմինիստրացիայի հետ համագործակցության շնորհիվ կարողացել է գտնել այն անձին, որը ենթադրաբար տարածել է Վրաստանում իշխող կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքին վերաբերող տեսանյութը:
Այժմ հայտնի է, որ ինտիմ բնույթի տեսանյութը տարածողը ՀՀ բանտերից մեկում է գտնվում, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
Բեսելիայի խոսքով՝ սկանդալային տեսանյութը համացանցում սկսել է տարածվել հունվարի 28-ից: Ներկա դրությամբ այն պահելու և սոցկայքի, բջջային հավելվածի միջոցով զանգվածաբար տարածելու համար ձերբակալվել է 17 մարդ: Նրանց մեջ է նաև այն մեկը (buba lomtatidze օգտատերը), որը տեսանյութը հրապարակել է YouTube-ում:
Նա Վրաստանի քաղաքացի է, որը սպանության համար պատիժ է կրում Հայաստանի բանտերից մեկում: Տղամարդը Վրաստանը լքել էր 2016թ.:
«Հայ և վրացի իրավապահների համագործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու բանտախցի խուզարկության ժամանակ առգրավվել է նրա Samsung բջջային հեռախոսը»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում:
Բեսելիայի խոսքով՝ տվյալ տեսանյութը եղել է երեք տարվա վաղեմության աղմկահարույց քրեական գործի նյութերում: Այն ժամանակ տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութերը հրապարակվել էին համացանցում, ինչի հետևանքով դրանք դիտել են հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր մարդիկ:
Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, այսինքն՝ մինչ 2012թ. Վրաստանում կատարված իշխանափոխությունը: Դրանք որպես վարկաբեկիչ նյութեր են օգտագործվել ընդդեմ այն ժամանակվա ընդդիմադիրների:
«Մենք ցանկանում ենք հասարակությանը կոչ անել չներքաշվել հանցավոր գործունեության կամ դրա խրախուսման մեջ ու վերջ տալ նման տեսանյութերի տարածմանը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օրենքով թույլատրված քայլեր կձեռնարկեն»,-նշվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում: