2008 թ. մինչև այսօր ունենք կուտակված 42 մլրդ դրամ պարտք
2008 թ. մինչ այսօր ունենք կուտակված 42 մլրդ դրամ պարտք. լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով համայնքներում հարկերի թերհավաքագրումների խնդրին, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ նրա՝ սրանք պարտքեր են, որոնք հաճախ չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության հետևանքով: «Մենք որևէ համայնքապետի չենք ստիպում, որ որևէ համայնքի բնակչին ստիպի կամ օրենքից դուրս որևէ քայլ կատարի: Բայց եկեք փաստենք, որ Հայաստանում օրենքը պետք է գերակա լինի, և ՀՀ քաղաքացիներն իրավունքից զատ ունեն նաև պարտականություն: Մենք չենք փորձում քաղաքացուն ստիպել կամ ունեզրկել, ընդամենը ցանկանում ենք, որ հարկերը հավուր պատշաճի վճարվեն, և համայնքապետերն էլ կարողանան աշխատանքներ կատարել իրենց համայնքներում»,- ասաց նա:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ինքը հրահանգել է առանձնացնել, թե պարտքերի գոյացումը ինչ փուլերում է տեղի ունեցել և ինչի արդյունքում է տեղի ունեցել: «Այսինքն՝ կան պատճառներ, երբ հողատերը կամ գույքի սեփականատերը ՀՀ-ում չէ, պետք է հասկանանք, դրա որ տոկոսն են անբարեխիղճ քաղաքացիները, որ տոկոսը սխալ վարարության հետևանք: Մենք մեզ համար պետք է գույքագրենք, որ յուրաքանչյուրին թիրախային լուծում տանք»,-ասաց նա: