Հացի գինը թանկացավ, իսկ սպառողն անտարբեր է
Արդեն մի քանի օր է թանկացել է խանութում վաճառվող հացը: Այսպես, եթե նախկինում մատնաքաշ տեսակի հացը վաճառվում էր 200 դրամով, ապա հիմա այն արդեն 220 դրամ է: Հացը թանկացել է տասը տոկոսով, իսկ ահա հանրությունը լռում է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ անցած տարվա վերջերին արձագանքելով մեծածախ շուկայում ալյուրի գնի թանկացմանը հայտարարեց, թե այս ամենի մեղավորը Ռուսաստանն է, իսկ ավելի ճիշտ, Ռուսաստանում ցորենի մեծածախ գնի աճը:
2018-ի վերջերին հացթուխներն ու հացավաճառները որոշեցին ոչ թե գինն ավելացնել, այլ նվազեցնել քաշը: Հիմա արդեն թանկացրել են նաեւ հացը, բայց այդպես էլ պարզ չէ գոնե քաշն ավելացրել են, թե ոչ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում ցորենի մեծածախ գներին, ապա այստեղ եւս հարցեր են առաջանում: Այսպես, եթե Ռուսաստանում մեկ տոննա ցորենը վաճառվում է մոտ 13-15 հազար ռուբլով, ապա ինչու է այն Հայաստանում վաճառվում կրկնակի գնով:
Մի՞թե ճանապարհին այն կրկնակի թանկանում է: Սա հարց է, որին պետք է պատասխանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն անցած տարեվերջին տեղեկացրել էր, որ 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ և 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ:
Հիմա նշենք, որ այսօրվա գներով Ռուսաստանում մեկ տոննա ալյուրը դրամով արտահայտված վաճառվում է մոտ 115-140 հազար դրամով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am