Ձերբակալություն՝ ավազին նկարելու համար
Իսպանիայի Գրան-Կանարիա կղզու զբոսաշրջիկները կարող են ձերբակալվել` քարերով ավազի վրա սիրո խոստովանություն գրելու կամ սիրտ պատկերելու համար, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է The Sun-ը` հավելելով, որ 400 հա տարածք զբաղեցնող ավազից ափը համարվում է կղզու էկոհամակարգի կարևոր մասը:
Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանությունը հայտնաբերել է ավազի մեջ քարերով պատրաստված հսկա խաչեր, սրտեր, նույնիսկ դեմքեր, որոնք փորագրված են ժայռերի վրա, ինչպես Հոլիվուսում է: Զբոսաշրջիկներն ավազի մեջ ամենուր գրել են իրենց անունները:
Բնապահպանները նշել են, որ ավազի մեջ արված սիրո խոստովանություններն այնքան շատ են, որ դրանք տեսանելի են նույնիսկ տիեզերքից` Google Maps-ի լուսանկարներում:
Բնապահպանները բնության գեղեցկությունը փչացնելու մեջ մեղադրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, որոնք սելֆիներ են անում իրենց պատրաստած «արվեստի գործեր»-ի հետ, այլև զբոսավարներին, որոնք երթուղին չշփոթելու համար քարերը կարմիր են ներկում, որը հետո դժվար է մաքրվում:
Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները անօրինական են և պատժվելու են տուգանքով և նույնիսկ ազատազրկմամբ: Տուգանքի չափը կազմելու է 600 եվրո: