Անհատ մերսողները, վարսահարդարները, մատնահարդարները պետք է ազատվեն հարկերից. «Իմ քայլի» պատգամավոր (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Factor.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ պատրաստվում է Կառավարությանն առաջարկություն ներկայացնել, որպեսզի անհատ վարսահարդարները, մատնահարդարները, մերսողները, դիմահարդարները և այս խմբի մի շարք մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում տնային պայմաններում, օրենքով ազատվեն հարկերից: Առաքելյանը կարծում է, որ այս խմբի մասնագետների մի մասն ունի նման արտոնություն, իսկ մի մասը՝ ոչ, ինչը խտրականություն է:
– Երեկ քննարկել եք նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փոփոխություններով նախատեսվում է միկրոբիզնեսին արտոնություններ տալ, մասնավորապես՝ 24 մլն դրամի շրջանառություն ունեցողներն ազատվելու են հարկերից: Մտավախություն չկա՞, որ խոշոր բիզնեսմենները կսկսեն մասերի բաժանել իրենց բիզնեսները, որպեսզի ազատվեն հարկերից: Այս իրավիճակն ինչպե՞ս է վերահսկվելու:
– Մտահոգությունը միշտ եղել է ԱԱՀ-ի և շրջանառության հարկի տեսակետից, որովհետև խոշոր բիզնեսը չի կարող մտնել 24 մլն դրամի դաշտ, կարող են մտնել շրջանառության հարկի դաշտ: Այստեղ ռիսկեր կան, և հարկայինն անելիքներ ունի: Այս 24 մլն դրամի փիլիսոփայությունն այն է, որ գործունեության այն տեսակները, որտեղ մարդիկ ինքնազբաղված են, որոնց պարագայում Ա/Ձ գրանցելու անհրաժեշտություն էլ չկա, ուղղակի, եթե ժամագործ ես կամ երաժշտական գործիք ես պատրաստում, գնա ու քո գործն արա, պետությունը չի միջամտում: Եթե պետությունն այստեղ վարչարարական ռեսուրս կիրառի, ապա հնարավոր է, որ ավելի շատ փող ծախսի, քան այն հարկային մուտքերը, որոնք պետք է լինեն: Այստեղ խնդիրն այլ է: Այս ցանկում ներառված չեն մի շարք գործունեության տեսակներ, որոնք պետք է ներառվեին: Մասնավորապես՝ տնային պայմաններում աշխատող վարսահարդարներ, դիմահարդարներ, մարդահարդարներ, մերսողներ: Սրանք խմբեր են, որոնք շատ մեծ տարածում ունեն և ցանկալի է, որ լինեն այդ ցանկում և օգտվեն այդ արտոնություններից: Օրինակ՝ խնջույքավարն օգտվում է այդ արտոնությունից, իսկ լուսանկարիչը՝ ոչ: Ես պատրաստվում եմ այս մասով գրավոր առաջարկություն ներկայացնել: Այս մարդիկ, ովքեր ամսական երկու միլիոն դրամը չեն գերազանցելու, պետք չի, որ ՀԴՄ սարք ունենան: Եթե իմ այս առաջարկները չընդունվեն, ապա կստացվի, որ այս մարդիկ սև դաշտում են աշխատում, որովհետև իրենք պարտավոր են Ա/Ձ գրանցել: Ես առաջարկելու եմ, որ նրանց օրենքով ազատեն հարկերից, որպեսզի իմանան, որ սպիտակ գործունեություն են ծավալում: