Արցախի հիմնախնդրի կարգավորումը՝ կառավարության ծրագրում
ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում հատուկ անդրադարձ կա Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, որտեղ նշվում է, որ «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»:
Մասնավորապես գրված է․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։