Թեհրանում արգելվել է հասարակական վայրերում շների զբոսանքը
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում կամ փողոցներում շների զբոսանքը: Ինչպես նշում է Oddity Central հարթակը, նման միջոցառումը կապված է երկրում շներ պահելուն խոչընդոտելու ջանքերի հետ:
Թեհրանի ոստիկանապետ Հոսեին Ռահիմին հայտարարել է, որ Թեհրանի դատախազից հասարակական վայրերում շների զբոսանքի դեմ միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ստացել: Ռահիմին ասել է, որ կտուգանվեն նաև շներին մեքենայով տեղափոխող անձինք:
Շատերը կարծում են, որ արգելքն իշխանությունների կողմից շուն պահողներին խոչընդոտելու ևս մի միջոց է: Երկրի հոգևոր առաջնորդները շներին անմաքուր են համարում: Բացի այդ՝ շունը 1979թ. Իսլամական հեղափոխությունից առաջ երկրում իշխող միապետության խորհրդանիշն էր համարվում:
Երկրի պահպանողական քաղաքական գործիչ Համիդռեզա Թարաղին ասել է, որ մարդիկ չեն կարող աղոթել այնպիսի վայրերում, որտեղ շուն կա և որ շան տերերը կենդանիների վրա ավելի շատ գումար են ծախսում՝ անտեսելով առավել կարևոր բաները:
«Կրոնի տեսանկյունից մարդիկ չեն կարող աղոթել այնպիսի վայրերում, որտեղ շուն է նստել կամ զբոսնել: Մյուս կողմից՝ մեր երկրում տնտեսական դժվարություններ են առկա, մինչդեռ շատ կենդանասերներ իրենց շների կերի վրա մեծ գումարներ են ծախսում: Մենք այդ գումարը պետք է ավելի կարևոր բաների ուղղենք»,- ասել է քաղաքական գործիչը: