ՀՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցություն ունեցե՞լ է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Դավոսում տեղի ունեցած հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, անցկացվել է բաց օրակարգով առանձնազրույցի ձևով ու կրել է ճանաչողական բնույթ։ Այսպես ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ անձամբ նախարարը մասնակցել են այդ հանդիպման կազմակերպմանը։
«Գիտեք, պետք է ուղղակի հստակ արձանագրենք, որ այս և արտաքին քաղաքական այլ հարցերի շուրջ կա լիակատար համակարգում վարչապետի և արտգործնախարարի հետ։ Եվ այստեղ պարզապես նույնպես՝ հակառակ ձև չէր էլ կարող լինել»,- ասաց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը, Նաղդալյանը հաստատեց, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է այդ համաժողովին, ու որքան ՀՀ ԱԳՆ-ում տեղյակ են՝ այդ համաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Սակայն հանդիպում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, Նաղդալյանը չասաց՝ հիմնավորելով նրանով, որ եթե լինի համաձայնեցում, ապա համակարգված ձևով՝ ադրբեջանական կողմի հետ միաժամանակ, այդ մասին տեղյակ կպահեն հանրությանը։