Տուգանքներ սեռական ոտնձգությունների համար
Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսդրությունում փոփոխություններ կմտցվեն, ինչի արդյունքում սեռական բնույթի ոտնձգությունները կդիտարկվեն որպես պատժելի արարք, գրում է apsny.ge կայքը:
Գենդերային հավասարության հարցերով խորհրդարանական խորհուրդն ավարտել է համապատասխան օրինագծի պատրաստումը: Համաձայն փաստաթղթի՝ սեռական բնույթի հանցանք են համարվում ոչ միայն ֆիզիկական գործողությունները, այլև արտահայտությունները, ինչպես նաև սեռական օրգանների ցուցադրումը:
Ըստ այդմ՝ իրավախախտը կտուգանվի 300 լարիով (մոտ 110 դոլար): Մինչդեռ նման վարքի կրկնության դեպքում նա կտուգանվի 500 լարիով, կամ մինչև մեկ ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքներ կնշանակվեն:
Հատկանշական է, որ անչափահասների, հղիների, մտավոր թերություններով, սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ կամ անչափահասների ներկայությամբ կատարված սեռական ոտնձգությունները տուգանվելու են 500-800 լարիով: Արարքի կրկնության դեպքում տուգանքի չափը կկազմի 800-1000 լարի, կարող է նաև 10-օրյա ժամկետով վարչական կալանք նշանակվել: