Բազմազավակ ընտանիք ունեցողն ու չամուսնացածը չպետք է նույն եկամտային հարկը վճարեն
Եկամտի համահարթեցված հարկ շատ բացառիկ դեպքերում կարելի է սահմանել. Հայաստանում պետք է լինեն եկամտային հարկի տարբերակված դրույքաչափեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով նոր Հարկային օրենսգրքին, որը ենթադրում է, որ բոլորի համար գործելու է եկամտային հարմի միատեսակ դրույքաչափ՝ 23 տոկոս:
Նշենք, որ այսօր 23 տոկոս եկամտային հարկ են վճարում մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ունեցողները: Մինչեւ 2 մլն դրամ ստացողների համար գործում է 28 տոկոս դրույքաչափ, իսկ դրանից բարձրի համար՝ 36 տոկոս:
«Մենք կարող ենք սահմանել միջին աշխատավարձ եւ դրանից բարձր աշխատավարձ: Նաեւ կարող ենք նայել, թե ինչ սոցիալական խմբի ներկայացուցիչ է տվյալ անձը: Այսինքն կարող է ամուսնացած լինի, ունենա ընտանիք: Ես չեմ կարծում, որ բոլորին նույն հարթության վրա պետք է դիտարկել: Ավելին, կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն մեկ կերակրող անձ եւ նրանցից վերցնում են նույքան հարկ, որքան կվերցնեն չամուսանացածներից: Որքանո՞վ է դա արդարացի: Նախկինում Հայաստանում հաշվի էր առնվուիմ, թե անձը քանի երեխա ունի, քանի կերակրող անձ կա ընտանիքում: Եթե այս գործոնները հաշվի չեն առնվում, մենք սոցիալական արդարության խնդիր ենք ունենում: Չեմ կարծում, թե շատ դժվար է այդ հարցը լուծել: Անհատն ինքն է այդ տվյալները ներկայացնում, որը շատ հեշտ ստուգվում է»,-ընդգծեց Մանասերյանը:
Բացի այդ, ըստ նրա, Երեւանում ապրողները եւ գյուղերում ապրողները, ելնելով նաեւ աշխատանքի բնույթից, նաեւ թե ուրիշ ինչ եկամտի աղբյուր կարող են ունենալ, պետք է լինի տարբերակված հարկում. «Ես գիտեմ անձանց, որոնք միաժամանակ մի քանի տեղ են աշխատում եւ բոլոր տեղերից, օրինակ, վճարում են նույն հարկերն ու տուրքեր, ներառյալ բանակի հազար դրամները: Սա եւս պետք է հաշվի առնել: Նաեւ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում պետք է սանդղակը տարբեր լինի»:
Անդրադառնալով նոր հարկային օրենսգրքով փաստաբաններին ու հաշվապահներին շրջանառության 5 տոկոս հարկից ԱԱՀ հարկման (20 տոկոս) դաշտ բերելուն, Մանասերյանն ասաց, որ դեմ չէ նրանք հարկման դաշտ բերելուն, բայց դա պետք է հաշվառելի լինի. «Միայն այն փաստը, որ մարդը փաստաբան է կամ հաշվապահ, չի նշանակում, որ բոլորին նույն արշինով պետք է չափել: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է: Մասնավորապես, բնակչության 1/3-ը աղքատ է, դրանից բացի կան նաեւ աշխատող աղաքտներ, որոնք աշխատում են, բայց չեն վաստակում գոյատեւման համար անհրաժեշտ գումար: Եթե սրանք իրար գումարենք, երկրում գրեթե 60 տոկոս աղքատություն ունենք: Այս պարագայում շատ նրբանկատ պետք է լինենք եկամտային հարկի դեպքում, որ ոչ թե հարվածենք մարդկանց, այլ հնարավորություն տանք իրենց աշխատանքով ապահովեն իրենց ապագան»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am