Լոս Անջելեսում դիմակավորված անձի կողմից հայկական դպրոցների վրա թուրքական դրոշները փակցնելու տեսանյութը
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտի, մասնավորապես՝ «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա թուրքական պետության դրոշները փակցնելու պահը ֆիքսած տեսանյութը:
Տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ գործողությունը կատարել է մեկ դիմակավորված անձ: Դեպքը տեղի է ունեցել գիշերը:
Այնուհանդերձ՝ հայտնի չէ՝ տվյալ տեսանյութը որ վարժարանի տարածքում է արվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել էր Շիֆը:
Թուրքական դրոշների հետ կապված միջադեպին էր անդրադարձել նաև մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:
Նա դիմել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ էր արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:
Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) իր երախտագիտությունն էր հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին: