ՊԵԿ-ում վերջապես հասկացել են՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու. Արարատի մարզպետի բիզնեսը տեղից շարժվել է
Արարատի մարզպետ Գարի Սարգսյանի՝ կոկորդիլոս բուծելու ծրագիրը տեղից շարժվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Արարտի մարզպետը:
Հարցին, թե որ փուլում է կոկորդիլոսի բիզես սկսելու իր ծրագիրը, եկա՞վ այդ ներդրողը, որ պատրաստ էր կոկորդիլոսի բուծման ֆերմա բացել, Գարիկ Սարգսյանը նշեց.
«Այդ ներդրողի հետ կապված որոշ խնդիրներ կային, քանի որ ներդրողը Տանզանիայից է եւ վիզա չենք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որ կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրի:
Կային նաեւ որոշ խնդիրներ ՊԵԿ-ում, մեր գործընկերները չէին կարողանում բնորոշումը տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու: Այս պահին բոլոր խոչընդոտները հաղթահարված են եւ մենք սպասում ենք ներդրողի այցին Հայաստան»:
Այս պատմությունը բուռն քննարկման առիթ էր դարձել համացանցում, որին Facebook-ի իր էջում արձագանքել է Գարիկ Սարգսյանը՝ նշելով. «Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան֊կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված.
Ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):
Ֆիոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին եւ ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»: