Մրջյունները գերադասում են աշխատելիս չշփվել միմյանց հետ. գիտնականներ
Մրջյունները սնվում են սնկերով, որոնք աճեցնում են մասնատված տերեւների եւ ծաղիկների վրա: Մրջյունները հավաքում են տերեւները ծառերի տարածքից՝ խոշոր մասերի բաժանում դրանք ու տանում իրենց մրջնաբույն: Որպեսզի տերեւները հեշտությամբ տանեն, նրանք ճանապարհ են կառուցում՝ մաքրելով հողը անտառային աղբից: Սակայն միայն կառուցված ճանապարհը բավարար չէ. դրան նաեւ հետեւողական խնամք է անհրաժեշտ, չէ՞ որ ճանապարհը պարբերաբար կլցվի նոր աղբով: Իսկ մրջյունների խճուղու ընդհանուր երկարությունը հասնում է միջինում 3կմ-ի:
Հյուսիս-Արեւմտյան համալսարանի, Կոնստանցի եւ Մոնաշի համալսարանների հետազոտողները երկար ժամանակի ընթացքում դիտարկում էին բնական միջավայրում եւ լաբորատորիայում բնակվող մրջյուններին: Միջատների ճանապարհին աղբ էին նետում հասկանալու համար, թե քանի միջյուն է մաքրության աշխատանք տանում եւ ինչպես են նրանք շփվում միմյան հետ այդ ընթացքում: Գիտափորձի հեղինակները մշակել էին նաեւ համակարգչային մոդելներ, որոնք նկարագրում էին միջատների վարքը, գրում է Նաուկա ի Ժիզն-ը՝ հղում կատարելով Proceedings of the Royal Society B-ի հոդվածին:
Եթե աղբի մաքրությունը իրականում տեղի ունենար շփման եւ համակարգված համատեղ աշխատանքի արդյունքում, ապա աշխատանքի արագությունն ընթացքում կփոխվեր՝ կամ կարագանար, կամ կդանդաղեր: Գործնականում, ինչպես նշված է հոդվածում, աղբի քանակը, որը մրջյունները մաքրում էին ճանապարհից, ժամանակի ընթացքում ուղղակիորեն աճում էր, ինչպես այն դեպքում, եթե յուրաքանչյուր մրջյունը պարզապես վերցներ աղբն ու ինքնուրույն հավաքեր՝ չխորհրդակցելով ոչ մեկի հետ:
Հնարավոր է, եթե նրանք իսկապես շփվեին միմյանց հետ այդ թեմայով, փոխանակեին հրահանգները եւ այլն, ճանապարհը ավելի արագ կմաքրեին: Սակայն հետազոտության արդյունքները փաստում են, որ շփվելու եւ հրահանգները փոխանակելու համար եւս էներգիա է անհրաժեշտ: Ամեն մեկն իր համար աշխատելով՝ մրջյունները կրճատում են էներգիայի ծախսը սնունդ հայթայթելիս:
Բարդ հաղորդակցման ունակությունը, անշուշտ, առավելություն է, սակայն աշխատանքի կատարման տեսանկյունից երբեմն առավել օգտակար է «եթե կարող ես չշփվել, մի շփվիր» սկզբունքը: