«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Մարտունիում է (Տեսանյութ)
«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը շարունակում է իր քարոզարշավը։ Այսօր դաշինքի անդամները Գեղարքունիքի մարզում են։ Դաշինքի անդամները հիմա հասան Մարտունի։
Ա. Մարտիրոսյանը նշել է՝ Մարտունին միշտ ըմբոստ է եղել, խիզախ կեցվածք է ունեցել, Արցախյան ազատամարտին բազմաթիվ հերոսներ է տվել։
–Իրավունք չունենք թույլ տալու, որ իշխանությունները վերցնեն մեր վերջին զենքը՝ արժանապատվությունը,–ասել է Ա. Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի մահվանը՝ նա շեշտել է՝ միակ մեղավորը Սերժ Սարգսյանն էր։
–Այլևս այսպիսի իշխանություն ունենալու իրավունք չունենք. չափազանց թանկ է նստում մեր վրա։ Դրա գինն արտագաղթը, աղքատությունն ու աճող արտաքին պարտքն են,– նշել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով՝ բավական է, որ հայը թողնի իր պապերի գերեզմաններն ու մեկնի շենացնելու այլ երկրներ, ոչ թե սեփական հայրենիքը։
Սեյրան Օհանյանը, դիմելով մարտունեցիներին, ասել է.
–Մենք ձևավորել ենք թիմ, որը համալրված է հմուտ մարդկանցով։ Այստեղ այն անձնավորություններն են, ովքեր հայտ են ներկայացնում սահմանադրորեն, մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ապրիլի 2–ին քվե ձեռք բերել, վստահություն ձեռք բերել և ձևավորել նոր կառավարման համակարգ՝ այս երկիրն այս իրավիճակից հանելու նպատակով։ Մեզ համար պատիվ է ժողովրդի հետ լինել, ժողովրդի հետ համաքայլ գնալ, զգալ այն ցավն ու դառնությունը, որ ժողովուրդն է տանում, և մտածել ժողովրդի մասին։ Միևնույն ժամանակ, ունենալով գործադիրում համապատասխան փորձ՝ մենք տեսնում ենք այն բոլոր սպառնալիքները, որոնք պետք է չեզոքացվեն մեր առաջիկա գործունեությունն ապահովելու համար։ Այդ պատճառով մենք մեր ծրագրերում առաջարկում ենք համակարգային փոփոխություններ՝ փոփոխություններ քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում, փոփոխություններ տնտեսության, սոցիալ–կենցաղային բնագավառում, ժողովրդագրական խնդիրներն իրականացնելու մեջ։ Մեզ անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ, որպեսզի կարողանանք անվտանգությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնել։
Դիտեք նաև այս հղումով