«Հայ ընկերներ, ձեր գումարներն ինձ չեն հասնում». Լապշինի արձագանքը ադրբեջանցիներին
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հայերից ստացած գումարի դիմաց Ադրբեջանին «սևացնելու» մասին ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին՝ այս անգամ թեմային մոտենալով հումորով:
«Հրեան զանգում է հակասեմականներին.
-Բարև Ձեզ, իսկ ճի՞շտ է, որ մենք՝ հրեաներս, վաճառել ենք Ռուսաստանը:
-Ճի՛շտ է:
-Ներեցեք, իսկ որտեղի՞ց կարող եմ ստանալ իմ բաժինը:
Հայ ընկերներ, այստեղ գրում են, որ դուք ինձ վճարում եք Ադրբեջանը սևացնելու համար, սակայն ձեր գումարներն ինձ չեն հասնում: Ո՛չ կոռուպցիային», - կատակել է Լապշինը՝ ներկայացնելով նաև ադրբեջանական մամուլում հայտնված այն նյութը, որով ադրբեջանցիները նրան անվանել են «էությամբ ծախու» և «վճարվող քարոզիչ»:
Ադրբեջանցիներին կրկին նյարդայնացրել է բլոգերի հայաստանյան մամուլի ասուլիսը, որտեղ նա գնահատականներ էր տվել Ադրբեջանում տիրող բարդ ներքին քաղաքական իրավիճակին:
Նյութում մեկնաբանությամբ հանդես եկած Արևմտակասպյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովը նշել էր, որ «ադրբեջանական ղեկավարության մեծահոգության արդյունքում» ազատություն ստացած Լապշինը քիչ է մնացել Բաքվի բանտում, և նրա պահվածքը վաղ ազատ արձակման հետևանք է:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, մեկնաբանելով Լապշինի հայաստանյան ասուլիսը, գրել էին, որ Ադրբեջանի հասցեին «զրպարտության» համար բլոգերը կարող է պատասխան տալ՝ իր հետագա ամբողջ կյանքն անցկացնելով բանտում, քանի որ «Ադրբեջանի գթությունն» անսպառ չէ:
Դրան ի պատասխան բլոգերը նշել էր. «Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ, Աստված մի արասցե, որևէ բան չպատահի: Ինձ այնքան են սպառնացել ու վախեցրել հանրային կերպով, որ դրանով իսկ չափից մեծ պատասխանատվություն են վերցրել իմ կյանքի ու առողջության համար»: