Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ճնշման տակ են
Այնպիսի հակամարտությունները, ինչպիսին ղարաբաղյանն է, շատ դժվար է կարգավորել, գրեթե անհնար է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը՝ նշելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը շոշափելի առաջընթաց չէ կոնֆլիկտի լուծման ճանապարհին:
«Հակամարտության կողմերն իրենց համարում են բացարձակ ճշմարիտ և ցանկացած կոմպրոմիս դիտարկում են որպես զիջում: Հասարակությունները պատրաստ չեն կոմպրոմիսի: Իսկ կոնֆլիկտի կողմերի առաջնորդները հասարակության ճնշման տակ են և ներկայացնում են հենց այդ տեսակետները հանդիպումների ու բանակցությունների ժամանակ»,- ասաց Ալեքսանդր Գոլցը:
Փորձագետի խոսքով՝ միայն նրանից հետո, երբ հասարակությունները կդադարեն կոմպրոմիսը որպես զիջում դիտարկելուց, տեղի կունենա կարգավորում:
Ալեքսանդր Գոլցն ասաց, որ հակամարտությունների կարգավորմանն է նպաստում նաև նույն միության անդամ լինելու գործոնը:
«Բալկաններում կրքերը հանդարտվեցին, երբ բալկանյան երկրները հայտարարեցին Եվրամիության անդամ դառնալու նպատակի մասին»,- ասաց նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության պարագայում, սակայն, այս տարբերակը դժվար թե աշխատի, որովհետև չկա շանս, որ Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ:
Դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո տարածել էր հաղորդագրություն, որտեղ ասվում էր «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, Ալեքսանդր Գոլցն ասաց, որ լիդերները իրենց ժողովուրդներին աստիճանաբար պետք է հասկացնեն, որ կոմպրոմիսը անհրաժեշտ է:
«Խնդիրն անգամ կոմպրոմիսի բովանդակությունը չէ, խնդիրը հենց կոմպրոմիսի գնալն է: Երկու ժողովուրդները պետք է հասկանան կոմպրոմիսի կարևորությունը:
Ստանալ ամեն ինչ ու հենց հիմա, չի լինում»,- հավելեց նա: