Սուրգուտ-Մոսկվա չվերթի օդանավն առևանգել փորձած ուղևորը նախ պահանջել էր թռչել Ադրբեջան
ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքի դատարանը երկու ամսով կալանավորել է 41-ամյա Պավել Շապովալովին, որը նախօրեին փորձել է առևանգել Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը:
Ինչպես տեղեկացնում է НТВ հեռուստաալիքը, մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալ դատարանում: Հարցաքննության ժամանակ վերջինս հստակ պատասխաններ չի տվել և չի կարողացել բացատրել, թե ինչու է ցանկացել փոխել օդանավի ուղղությունը:
Ի դեպ, սկզբում նա պահանջել էր թռչել Ադրբեջան, այնուհետև մտափոխվել էր և պահանջել ուղևորվել Աֆղանստան: Սպառնալով բորտուղեկցորդներին՝ նա հայտարարել էր, որ զենք ունի, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ ստում է:
Անձնակազմին հաջողվել էր համոզել ուղևորին վերալիցքավորման համար վայրէջք կատարել Խանտի- Մանսիյսկի օդանավակայանում, որտեղ էլ նրան ձերբակալել էին:
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել օդանավի առևանգման հոդվածով, որով մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: