Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման
Ժողովրդական նվագարաններից մի շարք գործիքներ Գյումրիի երաժշտական դպրոցներում չեն դասավանդում: Իսկ խնդիրը նոր չէ, չկան և՛ գործիքներ, և՛ մասնագետներ: Մասնագետներով ու գործիքներով համալրում չի ստացվում, դրա հետ մեկտեղ դպրոցներում աշակերտների թիվը չի փոխվում, սա այն բանից հետո, երբ վարձավճարները թանկացան: Երկրորդ գործիքին տիրապետելու համար սահմանվել է ավելի բարձր վճար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս կարգը երաժշտական դպրոցներում սահմանվել է մեկ տարի առաջ՝ ավագանու որոշմամբ, ինչը փոխելու կամ վերանայելու առաջարկներ դպրոցներից եղել են:
Երաժշտական դպրոցներում բարձր վարձավճարներով աշխատել սկսել են նաև այս կիսամյակում, մեկ տարում այն վերանայելու տնօրենների առաջարկները չեն ուսումնասիրվել: Քաղաքապետարանից վարձերի թանկացումները հիմնավորում են՝ շենքային պայմանների, գործիքների ձեռք բերման ու վերանորոգման հարցերը թանկ վարձերի հաշվին են լուծելու: Բայց դրա հետևանքները դպրոցներում բացասական են: Սաների թիվ չի ավելանում, բացի դրանից՝ աշակերտները հրաժարվում են երկրորդ գործիք սովորել, այստեղ էլ վարձերը քառակի բարձրացել են:
Երկրորդ գործիքին տիրապետելը քանի դեռ թանկ հաճույք է, երաժշտական դպրոցներն էլ սաներին ընդամենը մեկ առաջարկ ունեն՝ բավարարվել ուսումնական պլանով հաստատված ու անվճար մեկ առարկայով՝ վոկալով: Այժմ ոչ մի երաժշտական դպրոց վարձավճարի թանկացման պատճառով երկրորդ գործիք սովորող աշակերտ չունի:
Թանկ վճարները, թերևս, միակ պատճառը չեն սաների թվի կրճատման: Դպրոցներում նվագարանները նորերով փոխարինելու հարցը չի լուծվում, դասարանները ժողգործիքներով համալրել տարիներով չի հաջողվում և հետո էլ չունեն մասնագետներ, որոնք պահանջված են դպրոցներում: Ծնողն առաջնորդվում է պահանջվածությամբ կամ, գուցե, իրավիճակի թելադրանքով: Այսօր շատ գործիքների նկատմամբ հետաքրքրություն չկա, երաժշտական դպրոցներում հագեցած բաժիններ են համարվում դաշնամուրը, դուդուկը, շեփորն ու քանոնը:
Յուրաքանչյուր երաժշտական դպրոցի տարեկան բյուջեն մոտ 35 մլն դրամ է կազմում, սա էլ ավելացել է վարձավճարների թանկացման հաշվին: Իսկ գումարների տնօրինումը քաղաքապետարանի հսկողությամբ է: Բյուջեի գումարի մեծ մասը ծախսվում է աշխատավարձի ու կոմունալի համար, իսկ մնացածը՝ նոր գործիքների կամ այլ գույքի ձեռք բերելը դառնում են երկրորդական հարցեր, իսկ անհրաժեշտության վերածվում , երբ դպրոցը ուսուցիչների խնդիրն է նաև լուծում: