Մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի օգտագործումը կդառնա պարտադի՞ր
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իր ավելի վաղ ընդունված որոշումների (2007 թվականի հունիսի 28-ի N 955, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699 և 2008 թվականի հունվարի 10-ի N 113) մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հրապարակվել է e-draft.am կայքում։
Նախագիծը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Կարգավորման շրջանակում է գտնվում մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործումը պարտադիր դարձնելը։
«Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»,- գրված է նախագծում։
Նաև շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Վարորդներին կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը: