Մեծ Բրիտանիան հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի վավերացումը։
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը համաձայնագիրը վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:
2018 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Մինչ հիմա համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան: