Տաջիկստանում արգելել են հեռուստատեսությամբ ինտիմ տեսարաններ պարունակող ֆիլմեր ցուցադրել
Տաջիկստանի պետական հեռուստաալիքները ֆիլմեր ցուցադրելուց առաջ կմոնտաժեն բոլոր բաց տեսարանները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը:
Ըստ հեռուստաընկերությունների՝ նման տեսարաններն անբարոյական են և արատավորում են ազգային արժեքները: Ֆիլմերից կհեռացվեն անկողնային տեսարանները, մինչև անգամ կնոջ ու տղամարդու ֆիզիկական հպում ցուցադրող հատվածները:
Հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց որոշման համար հիմք են ընդունել «բազմաթիվ հեռուստադիտողների՝ նման տեսարաննեը չցուցադրելու խնդրանքը»:
Դուշանբեի 57-ամյա բնակչուհին պատմել է ռադիոկայանին, թե ինչպես է 5 տարի առաջ տաջիկական հեռուստատեսության ղեկավարությանը նման խնդրանքով դիմել:
«2013թ.-ին ես ամուսնուս ու երեխաներիս հետ ֆիլմ դիտելով ընթրում էի, երբ էկրանին անսպասելիորեն անկողնային տեսարան հայտնվեց: Աղջիկս ամաչեց և դուրս եկավ սենյակից, ամուսինս ու տղաս նույնպես իրենց անհարմար զգացին: Դրանից հետո որոշեցի նամակ գրել հեռուստատեսության ղեկավարներին»,- ասել է Խադիչա Աբդուլոևան: