Ադրբեջանն իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին. ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին
Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելելու հարցով հայտարարությանը՝ անհանգստություն հայտնելով դրա բովանդակության վերաբերյալ, որով պահանջվում էր «չշոշափել» Ադրբեջան ժամանող ռուս քաղաքացիների խտրականության հարցը՝ երկու երկրի հարաբերությունների զարգացման ֆոնին:
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը կարծիք է հայտնել, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը բոլորովին նորմալ է: Փորձագետի կարծիքով՝ այն համապատասխանում է ռուս-հայկական հարաբերությունների ուղղվածությանը, և ոչ մի երկիր աշխարհում, այդ թվում և Ադրբեջանն իրավունք չունի հրահանգել Ռուսաստանին՝ ինչ անել այս կամ այն ազգության հետ հարաբերություններում:
«Եթե դա չվերաբերեր հայկական կողմին, գուցե ԱԳՆ-ն այդքան օպերատիվ չլիներ իր հայտարարություններում: Այնուամենայնիվ, մի կողմից ռուս-ադրբեջանական, մյուս կողմից՝ ռուս-հայկական հարաբերությունները գտնվում են ՌԴ ուշադրության կենտրոնում, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ը բավականին օպերատիվ է արձագանքել այդ հարցին՝ ցույց տալով ադրբեջանական կողմին նման հայտարարությունների անթույլատրելիությունը», - РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ասել է Լեպեխինը:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն այս հարցում ոչ թե կոշտ, այլ հստակ դիրքորոշում է արտահայտել՝ ցույց տալով, որ բավականին ուշադիր հետևում է, թե ինչ է տեղի ունենում ինչպես ռուս-ադրբեջանական, այնպես էլ ռուս-հայկական հարաբերություններում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ անհասկանալի է ՌԴ ԱԳՆ համառությունը ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտք գործելու արգելքի հարցում: