Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով․ Human Rights Watch
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների իրավիճակի մասին իր 2019թ. համաշխարհային զեկույցում անդրադարձել է Հայաստանին: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Աղբյուրն իր զեկույցում նշում է, որ Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով և բազմաթիվ մարդկային իրավունքների խնդիրներով: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը և կուտակված հանրային բողոքներին արձագանքելը, նրանք պետք է ապահովեն հարգանք և՛ պատշաճ իրավական ընթացակարգերի, և՛ մարդու իրավունքների հանդեպ:
Կազմակերպությունը նաև անդրադարձել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխությանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Կազմակերպությունն ընդգծել է, որ միջազգային դիտորդները արձանագրել են, որ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները վայելում էին «հասարակության վստահությունը» և զերծ էին նախորդ ընտրությունների ընտրախախտումներից:
Հավելենք, որ Human Rights Watch կազմակերպության 2019-ի համաշխարհային զեկույցում տեղ են գտել աշխարհի 100 երկրներում տեղի ունեցած ուսումնասիրությունները: