Քոթանջյանին կողոպտել էր Շամիլովը
ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 30-ին տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի գետնանցումում երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից, այնուհետև նրանցից մեկը հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու փախչում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Հարուցվեց քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով:
Հանցագործությունը այսօր՝ հունվարի 17-ին, բացահայտվել է․ այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը՝ բացահայտելով հանցագործությունը:
Հունվարի 17-ին՝ վաղ առավոտյան, հիշյալ ստորաբաժանումների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները Երևանի Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի Ա. Շամիլովին:
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակվում են միջոցառումները նրա հանցակցին՝ դարձյալ Վրաստանի քաղաքացի Ա. Անանիկյանին, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու միջոցառումները:
Անանիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: