Ինքնաթիռում հայտնված սարյակը բիզնես կարգով Սինգապուրից Լոնդոն է «թռել» (տեսանյութ)
Singapore Airlines ավիաընկերության՝ Սինգապուրից Լոնդոն մեկնող ինքնաթիռի բիզնես կարգում սարյակ է հայտնվել, գրում է Daily Mail-ը:
Սարյակների ընտանիքին պատկանող Մայնա տեսակի թռչունը թռիչքի 12-րդ ժամին անսպասելիորեն հայտնվել է բիզնես դասի նստատեղերից մեկի վրա: Ենթադրվում է, որ թռչունն ինքնաթիռ է «նստել» Սինգապուրում, և մինչ այդ որևէ մութ տեղում է եղել, սակայն որոշ ժամանակ անց որոշել է ուղևորների հատված դուրս գալ:
Միջադեպը նկարահանել է թռիչքի ուղևորներից մեկն ու այն տեղադրել Facebook-ում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է թռչունը մի քանի վայրկյան անհոգ շուրջը նայում, այնուհետև անձնակազմի անդամը նկատում և ձեռքով քշում է սարյակին:
Հաղորդվում է, որ Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո թռչնին բռնել ու հանձնել են օդանավակայանի իշխանություններին, այն կարանտինի մեջ է գտնվում: