«Վարչապետն արդեն իսկ փորձում է ամբողջական վերահսկողության տակ պահել խորհրդարանի աշխատանքները»
Կարպիս Փաշոյանը, ով Արարատ Միրզոյանի նախկին օգնականն էր եւ հրաժարական ներկայացրեց սեփական դիմումի համաձայն, ֆեյսբուքում գրում է.
Ակնհայտ է, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները Աժ փոխնախագահի պաշտոնում ընտրելու են ԲՀԿ-ի ներկայացուցչին: Իբրև թե լինելու է թիմային քվեարկություն:
Միանգամից արձանագրենք. Ինչպես ԲՀԿ ներկայացուցչին ընտրելու վերաբերյալ հիմնավորումներն են անլուրջ, այնպես էլ՝ թիմային քվեարկության պատրանք ստեղծելու փորձերը: Սահմանադրության մեջ գրված չէ, որ ընդդիմադիր փոխնախագահը պետք է ընտրվի հատկապես երկրորդ ամենամեծ քաղաքական ուժից: Ընդհակառակը՝ գլխավոր իրավական փաստաթղթում արձանագրված է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:
Այսինքն կառավարող ուժի կայացրած որոշումը արհեստական է ու որևէ քննադատության չդիմացող: Պարզից էլ պարզ է, որ այս պարագայում դաշինքի համար որևէ սկզբունքային հարց չի լուծվում և քվեարկությունը կարող էր ազատ լինել:
Նշենք, որ թիմային քվեարկության որոշում որպես կանոն կայացվում է հատկապես այն ժամանակ, երբ խմբակցությունն ինչ-որ սկզբունքային քաղաքական հարց է փորձում լուծել: Այսինքն այս դեպքում «Լուսավոր Հայաստանին» որևէ հավելյալ լիազորություն չտալը սկզբունքի հարց էր ու ես կասկածում եմ, որ այդ որոշումը կայացվել է հենց վարչապետի աշխատասենյակում:
Պարզապես զավեշտալի է քվեարկությունն այդ թիմային անվանելը, որովհետև դա ավելի շուտ պարտադրված քվեարկություն էր: Այո՛, պատգամավորներին պարտադրել են, որպեսզի նրանք քվեարկեն Էնֆիաջյանի օգտին: Ես հստակ տեղեկություններ ունեմ, որ մի մասը ընդդիմացել է՝ փորձելով դիմադրել այդ կամայական միջամտությանը, բայց հաջողություն չի արձանագրվել: Հասկանալի է, պատգամավորները չեն ցանկացել հենց առաջին օրով խնդիրներ ստեղծել ու կոնֆլիկտի մեջ հայտնվել կուսակցական ղեկավարության հետ:
Ակնհայտ է նաև, որ վարչապետն արդեն իսկ փորձում է ամբողջական վերահսկողության տակ պահել խորհրդարանի աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում նաև միջամտել՝ պարտադրելով իր կամքն ու քմահաճույքը: Այսինքն նախնական տպավորությամբ Փաշինյանը օրենսդիր իշխանությունը դիտարկում է խամաճիկի կարգավիճակով, որը պետք է կյանքի կոչի գործադիրի բոլոր քմահաճույքներն ու որոշումները:
Հայաստանը չունի պառլամենտարիզմի ավանդույթներ ու վստահ եմ մոտ ապագայում չի էլ ունենա, քանի դեռ Փաշինյանը շարունակում է միջամտել խորհրդարանի աշխատանքներին ու իր կուսակցական ժողովները անցկացնում է ԱԺ նիստերի դահլիճում:
Տեսեք, վարչապետը որոշում է կայացնում ու դրա կյանքի կոչումը փաթաթում խմբակցության վզին: Իսկ խմբակցությունը չունի այնպիսի մի ղեկավար, որն ի զորու կլինի Փաշինյանին ցույց տալ դռան կողմը՝ հորդորելով չմիջամտել իրենց աշխատանքներին: Այո՛, անուշիկ պուպուշիկ ու մշակութային Լիլիթ Մակունցը դիմադրելու որևէ շանս չունի, նա չի կարող ասել. «պարոն վարչապետ, գնացեք Ձեր գործով զբաղվեք»:
Տեսականորեն պատգամավորներից ոչ ոք չի կարող ազատագրվել գործադիրի տիրապետությունից, քանի որ քաղաքական իմաստով 88 պատգամավորներից առնվազն 70-ը քաղաքական իմաստով գոյություն չունեն: Իսկ գոյության նշույլների համար էլ պարտական են վարչապետին: Պարտավորության հենց այս զգացողությունն էլ դառնալու է խորհրդարանի բնականոն աշխատանքի գլխավոր խոչընդոտներից մեկը:
Կլանային այս փոխհարաբերությունների տիրույթում ոչ ոք չի տուժելու: Բոլորին ձեռնտու իրավիճակ է, քանի որ բոլորն էլ ինչ-որ անշարժ ու քարացած հարմարավետության մեջ են: Դե մեր աչքի առաջ կրակոտ աչքերով հեղափոխականներից շատերը մի գեշերվա ընթացքում փոխակերպվեցին քաղքենի բյուրոկրատների՝ բեռ դառնալով պետության ու հանրության վզին:
Միակ տուժողը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ առանց պառլամետարիզմի ու դրա ավանդույթների պետական համակարգը երբեք լիարժեք չի զարգանալու ու շարունակելու է մնալ թերի, կիսատ ու անավարտ:
Պատգամավորը պետք է հասկանա, որ ինքը գործադիրի խամաճիկը չէ, իսկ գործադիրն էլ պետք է հասկանա, որ միջամտել խորհրդարանի աշխատանքներին նշանակում է անցնել պետության վրայով: Դեռևս Հոբսի ժամանակներից սկսած մարդիկ գլխի են ընկել, որ իշխանության մարմինների սերտաճումը անթույլատրելի պրակտիկա է:
Ի դեպ ուզում եմ նաև նշել, որ ես ոչինչ չունեմ Վահե Էնֆիաջյանի դեմ: Անկեղծ ասած երբ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող էի, այդ մարդուց միշտ դրական տպավորություններ եմ ստացել: Վստահաբար որակապես նա չի զիջում ԱԺ նախագահությունում նստող «Իմ քայլը» դաշինքի մյուս ներկայացուցչին: Իմ խնդիրը ԲՀԿ-ի և դրա գոյության ներկայիս ձևի ու բովանդակության հետ է: