Օրինակ վերցրեք հայերից. Լեհաստանի նախկին դեսպանը՝ բելառուսներին
Բելառուսում Լեհաստանի նախկին դեսպան Լեշեկ Շերեպկան մեկնաբանել է ռուս-բելառուսական հարաբերությունների վերջին զարգացումները՝ կապված երկու երկրների ավելի սերտ ինտեգրման և մեկ միասնական պետություն ստեղծելու մասին խոսակցությունների հետ: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն:
Շերեպկայի կարծիքով՝ Բելառուսի նախագահը կարող է պետական ինքնիշխանությունը զիջել: Նա բելառուսներին խորհուրդ է տվել օրինակ վերցնել հայերից և հիշեցնել, թե երկրում ում ձեռքին է ինքնիշխանությունը:
«Բավական է օրինակ վերցնել հայ ժողովրդից, ովքեր խաղաղ կերպով իշխանություններին հիշեցրին, թե ով ինքնիշխանություն ունի երկրում: Իրավիճակի նման զարգացումը կօգներ նաև Ուկրաինային, իսկ բելառուսներին թույլ կտար պայքարել Մոսկվայի հետ համագործակցության արդար պայմանների համար: Ոչ մի դեպքում չի կարելի այդ հարցերը թողնել Լուկաշենկոյին, ում հանդեպ վստահություն չկա»,- իր Facebook-ի էջում գրել է Լեշեկ Շերեպկան:
Նախկին դեսպանը նաև քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նրան անվանելով բելառուսական անկախության «գերեզմանափորը»: