Պատմամշակութային հուշարձանի փլուզումը կանխամտածված էր. Տիգրան Հեքեքյան
«Փոքրիկ երգիչներ» համույթի գեղարվեստական ղեկավար և երգչախմբի գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը համոզված է, որ պատմամշակութային հուշարձանի`«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի շենքի փլուզումը կանխամտածված էր։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին տրամադրած պատմական շենքի պատը փլուզվեց. 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ են իրականացվել, ինչի ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Փորվել է 11 մետրանոց փոս, որը չի համապատասխանել նորմերին։
«Շենքն ամուր հիմք ուներ, այն ոչինչ չէր քանդի։ Սակայն հին շենքի մոտ նախկին իշխանությունները թույլ էին տվել փոս փորել, քանդել բնահողը, իսկ նոր իշխանությունները, չգիտես ինչու, լռում էին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հեքեքյանը։
Հեքեքյանի խոսքով՝ պատի փլուզման մեղավորը նախորդ իշխանություններն են, որ ապօրինաբար թույլ են տվել «Հին Երեւան» նախագծի տնօրեն Վարդան Սերմաքեշին այդ հատվածում կառուցապատում իրականացնել ու փոսորակ բացել, սակայն ապշելու բան է, որ ներկա իշխանություններն ուզում են ժառանգել նախկինների այդ տխուր, ծանր բեռն իրենց ուսերին։
Հեքեքյանն ընդգծեց, որ «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանին աշխատանքից հեռացնելու անհրաժեշտության մասին հարցը քննարկել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ։
Մշակույթի նախարարության միակ սխալը, ըստ Հեքեքյանի, այն է, որ գերատեսչության ղեկավար Լիլիթ Մակունցը պետք է քննարկեր և լուծեր այդ հարցը Փաշինյանի հետ։
«Ստացվում է, որ ամբողջ այս ընթացքում վարչապետի հանձնարարությունն անտեսվում էր։ Հատուկ ոչինչ չէր արվում, որպեսզի շենքը չփլվի, և դա ակնհայտ է», – համոզված է երգչախմբի ղեկավարը։ Նրա կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թյուրիմացության մեջ են գցում, եւ եթե այդպես չլիներ՝ այս հարցը շատ հեշտ լուծված կլիներ։
Մոտակա օրերի ընթացքում Հեքեքյանը մտադիր է դիմել դատարան։