Աշակերտները գիտակցությունը կորցնելու աստիճան ծեծել են ուսուցչուհուն
Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում աշակերտների հարձակումից հետո հոսպիտալացվել է դպրոցի ուսուցչուհին:
Իրավապահ մարմիններից հայտնել են, որ կինը փորձել է բաժանել կռվի բռնված աշակերտներին, ինչի հետևանքով 15-ամյա աշակերտի կողմից դեմքին հարված է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին:
КТВ-Луч հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարզադահլիճի մոտ գտնվող միջանցքում: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին փորձել է պաշտպանել աշակերտին, որին ծեծելիս են եղել: Աշակերտներից մեկը հարվածել է կնոջը, այնուհետև նրան են միացել այլ դեռահասներ:
«Ութերորդ դասարանի աշակերտներից մեկը հարվածել է ուսուցչուհու դեմքին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը, ապա վրա են հասել ևս երկու աշակերտ և ոտքերով հարվածներ հասցրել ուսուցչուհուն»,- ասել է տեղական հեռուստաալիքի աղբյուրը:
Ուսուցչուհուն և տուժած աշակերտին դպրոցի բուժկետում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Զրուցակցի խոսքով՝ տուժածի մոտ գլխուղեղի փակ տրավմա և հեմատոմա են ախտորոշել: ՌԴ ներքին գործերի նախարարության Սամարայի մարզի վարչությունը քննություն է սկսել: