Ադրբեջանը ցանկանում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում առևտրի տներ բացել
Ադրբեջանը դիտարկում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում առևտրի տներ բացելու հնարավորությունը: Այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Կենտրոնական Եվրոպայում Ադրբեջանի՝ առևտրի հարցերով ներկայացուցիչ Նեմաթ Նագդալիևը:
Ներկայացուցչի խոսքով՝ այս պահին գնահատվում են առաջարկի հետ կապված ռիսկերն ու պահանջարկը, որոնց հիման վրա էլ կառաջնորդվեն:
«Իհարկե, այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ցանկությունը կա: Այս պահին մենք աշխատում ենք Վարշավայում գտնվող առևտրի տան ուղղությամբ, զուգահեռ ուսումնասիրում ենք նաև ռիսկերը Խորվաթիայում, Չեխիայում և Գերմանիայում»,- ասել է Նագդալիևը:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գտնվող ադրբեջանական առևտրի տունը բացվել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ բացված առևտրի տունը լեհական շուկայում կներկայացնի «Պատրաստված է Ադրբեջանում» ապրանքանիշի արտադրանքը: