Վրաստանի իշխող թիմում ներկուսակցական սկանդալը նոր երանգներ է ստանում
Վրաստանի իշխող թիմում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների շուրջ բռնկված սկանդալը նոր բացահայտումների տեղիք է տվել:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է կուսակցության ձևավորման հիմքերում կանգնած Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի աղմկոտ հրաժարականին: Նրա համար շարունակում է անհասկանալի մնալ թիմակցի՝ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը լքելու հապշտապ որոշումն ու արարողակարգի խախտմամբ՝ ինքնակամ, իր փոխարեն նոր թեկնածուի առաջադրումն ու հապշտապ ընտրությունը: Այս առումով Իվանիշվիլին մեղադրել է Բեսելիային «թիմային» որոշումների խախտման մեջ, որի պատճառով ինքը վերադարձել է մեծ քաղաքականություն:
«Բեսելիան գնաց թիմի և թիմային գաղափարի դեմ»,- հայտարարել է Իվանիշվիլին: Այդ պատճառով նա Բեսելիայի թեկնածությունը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնին նպատակահարմար չի համարում: Հարցը հանել է օրակարգից, քանի որ դեռևս ամռանն էին պայմանավորվել, որ Բեսելիան նոր պաշտոն զբաղեցնելու նպատակով հրաժարվելու էր հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Էկա Բեսելիան արձագանքել է իր հասցեին հնչած քննադատությանը՝ խոստանալով երկուշաբթի «լույս սփռել այդ պատմությանը»: Սկանդալը շարունակվում է: