Կգա ժամանակը, ես շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան (Տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը: Գևորգյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոք ներկայացրել էր դատախազությունը, մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը: Քիչ առաջ Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանն ասաց, որ դատարանից պահանջել են օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Մենք խնդրել ենք Վերաքննիչ քրեական դատարանին, որպեսզի օրինական ուժի մեջ թողնի առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը: Դրանով փաստվում է, որ մենք, ըստ էության, մեր համաձայնությունն ենք հայտնում կայացված դատական ակտի հետ: Սակայն մեկ մեղադրանքի վերաբերյալ՝ փողերի լվացում, մեր անհամաձայնությունը հայտնել ենք մեր կողմից ներկայացված բողոքի հիմնավորումների մեջ»,- ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Արմեն Գևորգյանն էլ խուսափեց պատասխաններից՝ մեջբերելով նախաքննական գաղտնիքը:
«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն: Սիրելի՛ լրագրողներ, հասկանում եմ, որ ձեր գործն եք կատարում, բայց ես մի կարգավիճակում եմ, որ շատ հարցերի կարող եմ պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Գևորգյանը: