Վանա լճի ափին նախագահական նոր պալատ կկառուցվի
Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Վանա լճի արևմտյան ափին՝ պատմական Խլաթում նախագահական նոր պալատ կառուցելու նախագիծը, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Բիթլիսի նահանգի մաս կազմող Խլաթում նախագահական պալատ կառուցելու իր ծրագրերի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել էր դեռ ամիսներ առաջ:
«Խլաթին կսազի մի նախագահական պալատ։ Որովհետև սուլթան Ալփարսլանն այստեղ տեղակայեց իր առաջին վրանը, մենք էլ, որպես իր ժառանգներ, այստեղ մի «վրան» դնենք»,- ասել էր Էրդողանը Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակի 947-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Նախօրեին պալատի կառուցման նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան, շատերի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ըստ նախագծի՝ շինարարական աշխատանքները փաստացի խախտելու են Թուրքիայում ծովի կամ լճի անմիջապես ափին շինությունների կառուցումն արգելող օրենքը:
Պատմական Խլաթն իր մեծությամբ Վանա լճի ափին գտնվող քաղաքների մեջ զիջում էր միայն Վանին: Խլաթը պատմական Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Տարբեր ժամանակների և տարբեր ազգությունների պատկանող հեղինակների մոտ Խլաթը հիշատակվում է այլևայլ անուններով ու նույն անվան տարբերակներով՝ Ալլարխ, Իխլաթ և այլն։ Հայկական մատենագրության մեջ հնում երբեմն կոչվել է Բզնունյաց քաղաք:
Արշակունիների թագավորության շրջանում (I-V դդ) և հետագայում, մինչև VIII դարի վերջին քառորդը, Խլաթը պատկանում էր Բզնունի նախարարական տանը և եղել է Բզնունիք գավառի գլխավոր քաղաքը։