Էրդողանը չի ընդունել Ջոն Բոլթոնին, ԱՄՆ նախագահի խորհրդականն Անկարայից հեռանում է ժամանակից շուտ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Անկարայում չի հանդիպել, ԱՄՆ նախագահի խորհրդականը Թուրքիայից հեռանում է նախատեսված ժամանակից շուտ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Էրդողանը, մեկնաբանելով Բոլթոնին չընդունելու քայլը, հայտնել է, որ նրա հետ հանդիպել են իր խոսնակ Իբրահիմ Քալընն ու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը, ինքն անձամբ առանձին հանդիպելու կարիք չի տեսնում:
«Պարոն Իբրահիմ Քալընն ու ԳՇ պետն արդեն անցկացրել են անհրաժեշտ քննարկումները: Մենք շատ հագեցած օրակարգ ունենք այժմ, հանդիպման կարիք այս պահին չկա», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Բոլթոնի այն հայտարարությունը, ըստ որի ամերիկյան ուժերը չեն հեռանա Սիրիայի հյուսիսից, մինչև վստահ չլինեն տեղի քրդերի անվտանգության ապահովման հարցում, քննադատել էր ԱՄՆ նախագահի խորհրդականին:
«Բոլթոնը լուրջ սխալ է գործում: Մենք չենք կարող կուլ տալ նման ուղերձը: Սիրիայի հյուսիսի զինված քրդական միավորումների զինյալները չեն կարող լինել մեր քուրդ եղբայրների ներկայացուցիչները, մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ՝ ուզում է քուրդ լինի, թե արաբ», - ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին և, ըստ երկրի իշխանությունների, պատրաստվում է մտնել սիրիական Մանբիջ՝ քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ գործողություն իրականացնելու համար: