Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի
Ռուսաստանը, ըստ մամուլի, մտադիր է գազը սահմանին վաճառել 215 դոլարով․ այժմ Հայաստանն այն ձեռք է բերում 150 դոլարով։ Փաշինյան-Պուտին վաղվա հանդիպման օրակարգում, ըստ ամենայնի, քննարկվելու է նաեւ գազի գնի հարցը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդգծել է խնդրի լրջությունը․
«Գազի տերը ռուսներն են, որոնց մոտ հնարավոր է ծախսի փոփոխություն և այլն։ Բայց միևնույն ժամանակ բոլոր մյուս պետությունները՝ Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը, բացառությամբ Ղազախստանի, գիտեք, որ Ղրղզստանը գազը ձեռք է բերում Ղազախստանից, այս գնող կազմակերպությունները բողոքում են, թե ինչու ներքին գներով մեզ չեք վաճառում։ Սա շատ բարդ հարց է, չեմ կարող գուշակել»,- ասել է Բագրատյանը։
Ըստ նրա՝ գազի գինը, ի տարբերություն նավթի գնի, էական տատանում չի ունեցել եւ առանց տրանսպորտային ծախսերի՝ միջազգային շուկայում այն արժի 110-120 դոլար։ Բագրատյանն ավելի էական է համարել գազի գնի փոփոխությունը Հայաստանի ներսում. «Այդտեղ լուրջ խնդիրներ կան՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» ներհայաստանյան ծախսերի բաղադրիչի հետ։ Եվ կառավարությունն այդտեղ անելիք ունի, 8 ամիս է աշխատում է, թող լուծեն այդ հարցը»։
Հ. Բագրատյանը բացառել է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կարողանա քաղաքական ինչ-ինչ համաձայնությունների կամ զիջումների արդյունքում էժանացնել գազը. «Ոչ, անհնարին է։ Սկզբունքորեն՝ Փաշինյանին ոչ մի բան էլ չի հաջողվի։ Հնարավոր է, որ մերոնք են գազի գնի բարձրացման անեկդոտի հեղինակը, որ հետո գնան Մոսկվա, հետ գան, ասեն՝ տեսաք, չբարձրացավ։ Խնդիրն այն է, որ այն գազի գինը, որ մեզ համար կհաստատվի, մոտավորապես նույնությամբ կլինի Բելառուսի համար, և պետք է նույն սխեման կիրառվի նաև Ղրղզստանի համար, այսինքն՝ կարող են լինել անհատական չնչին տարբերություններ, բայց էական տարբերություն անհնարին է»,- ասել է նա։