Ինչպես դիմանալ այս ատելության տակ
Հայաստանում ատելության մթնոլորտը գնալով խտանում է: Առաջընթացի, զարգացման, բարգավաճման մասին մտածելուց, կոնկրետ քայլեր անելու փոխարեն մենք ատում ենք միմյանց, անգամ ատում երկրի այս կամ այն հատվածը կամ ամբողջ երկիրը:
Այնքան թույլ է մեր երկիրը, որ մի տականք, տասը տականք, հարյուր տականք, հարյուրավոր տականքներ կարող են հրապարակային ատելություն սերմանել արցախցիների նկատմամբ, նրանց վիրավորել եւ անպատիժ մնալ:
Ընդհանրապես, ատելը այս երկրում նորմ է դարձել: Նրանք, ովքեր հիացած էին Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներով ատում են Սուրեն Հարությունյանին եւ նրանից հետո եկած բոլոր իշխանություններին:
Սովետով հիացածները եւ կարոտախտով տառապողներն ատում են անկախ Հայաստանը, եւ իհարկե անկախ Հայաստանի բոլոր իշխանություններին, բայց հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ համոզված են, որ իրենց սիրելի ԽՍՀՄ-ը փլուզեց հենց նա:
Նրանց համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած Հայաստանում որեւէ լավ գործ չի արվել:
ՀՀՇ-ից տարանջատված ուժերը Հայաստանի ձախորդությունների սկիզբ համարում են այն օրն ու ժամը, երբ իրենք իրենց համախոհներով դուրս եկան իշխանությունից:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, աջակիցների, ֆաների համար Հայաստանում որեւէ լավ բան տեղի չի ունեցել 1998թ. փետրվարի 4-ից հետո:
Նրանք, ովքեր երջանիկ էին Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, համոզված են, որ Հայաստանի ձախորդությունները սկսվել են հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրից:
Գոյություն ունեն նաեւ ատելություն տարածող ավելի նեղ խմբեր: Այսպես, ոմանք համոզված են, որ Հայաստանի համար լուսավոր ժամանակներ էին, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր, իսկ մինչ նրա վարչապետությունը եւ դրանից հետո դատարկություն է:
Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն էլ ատում են Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանը:
Տիգրան Սարգսյանի նեղ շրջապատը եւ նրա վարչապետության շրջանում կլորիկ գումարներ վաստակածներն ատում են Հովիկ Աբրահամյանին եւ Կարեն Կարապետյանին:
Իսկ նոր իշխանություններն էլ ատում են բոլոր նրանց, ովքեր իրենց հետ համախոհ չեն, իրենց հրապարակավ չեն աջակցում, իսկ կառավարող ուժի որոշ անդամներ իրենց հայտարարություններով ավելի են թեժացնում այս կեղտոտ մթնոլորտը:
Իսկ մի երկրում, որտեղ մթնոլորտը լեցուն է ատելությամբ, որտեղ որոշ մեծ ու փոքր խմբեր ատում են միմյանց եւ առաջընթացի մասին մտածելու փոխարեն երազում, թե երբ են ոչնչացնելու միմյանց, երբ են ձերբակալելու, կալանավորելու, պաշտոնանկ անելու, հազիվ թե, հնարավոր լինի առաջընթացը, կենսամակարդակի աճն ու զարգացումը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am