Մի արեք այն, ինչի մասին անգամ չեն երազել մեր թշնամիները
Վերջին օրերին կրկին ակնհայտ դարձավ, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք առիթը բաց չեն թողնում հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ թշնամանք հրահրելու, բորբոքելու համար: Ավելին, այդ առիթը շատ հաճախ ստեղծում են հենց իրենք:
Հատկապես մտահոգիչ է, որ ոմանք ամեն ինչ անում են արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելու համար եւ այդ ճանապարհին կանգ չեն առնում ամենանողկալի եւ ստոր միջոցների առաջ: Կիրառելով մի քանի հնարքներ, այդ թվում նաեւ տեղեկատվական ոլորտում, ու ստանում են այն, ինչ ուզում են:
Այս օրերին հետեւելով սոցցանցերում արվող հրապարակումներին սարսափում ես, տեսնելով, թե ոմանք, որոնց թիվը այնքան էլ քիչ չէ, ինչ ատելություն են տածում Արցախի եւ արցախցիների նկատմամբ: Նրանց գրածների բովանդակությունը չենք հրապարակում, այնքան նողկալի են դրանք:
Առավել մտահոգիչ է, որ մամուլի որոշ միջոցներ եւ դրանց ղեկավարներ հավեսով լծվել են այդ գործին, եւ կրկին զարմացնում է իշխանությունների դիրքորոշումն այս հարցում: Մինչ այս պահը ոչ մի սթափեցնող կոչ չի արվել այս խելագարությանը վերջ տալու համար:
Իսկ հիմա ատելություն սերմանելու եւ տարածելու առիթ դարձավ Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի տեղի ունեցած փոքրիկ հավաքը: Եւ այս հավաքը ոմանք օգտագործեցին Արցախի եւ արցախցիների նկատմամբ ատելություն առաջացնելու եւ այն բորբոքելու համար: Այս մասին անգամ Ադրբեջանում եւ Թուրքիայում չէին երազի:
Այն, ինչ հիմա արվում է, սովորական դավաճանություն է մեր երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Հուզականության բարձր ալիքի մեջ գտնվող եւ քարոզչության ազդեցության տակ գտնվող, նվազ կրթվածություն ունեցող մարդկանց գրառումներին կարելի է անգամ չանդրադառնալ, կարելի է այն չնկատել, բայց չնկատել դրանք ուղղորդողներին եւ բորբոքողներին, մեղմ ասած՝ սխալ կլինի:
Մի արեք նման ստոր քայլ: Իսկ իշխանությունները, քաղաքական բոլոր ուժերը վայրկյան առաջ պետք է կանխեն այս խայտառակությունը:
Արցախցին այնպիսի հայաստանցի է ինչպիսին լոռեցին է, տավուշցին, արմավիրցին, եւ անգամ գուցել ավելի հայաստանցի, քան Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ապրող այն մարդիկ, որոնք տանը նստած, սահմանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու արցախցիների հորդորում են միայնակ պահել Արցախի սահմանը, կարծես իրենք են միայնակ պահում Շիրակի կամ Արմավիրի, Տավուշի կամ Սյունիքի սահմանները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am