Ալիևի դուստրերն օֆշորային ընկերության միջոցով փորձել են 60 մլն ֆունտ արժողությամբ անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում. The Guardian
Բրիտանական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահի դուստրերը համաձայնության էին եկել գաղտնի օֆշորային ընկերության միջոցով Լոնդոնում 60 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու հարցում: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, դատարանի կարծիքով՝ նրանց գործողությունները կարող էին կապված լինել «փողերի լվացման» գործի հետ:
Լեյլա և Արզու Ալիևաները նախատեսում էին 59.5 մլն ֆունտով երկու շքեղ բնակարան ձեռք բերել Լոնդոնի Նայսթբրիջ էլիտար թաղամասում, ևս 3 մլն ֆունտ վճարել բնակարաններն իրար միացելու համար: Գործարքը պետք է տեղի ունենար 2015-ին՝ դառնալով Մեծ Բրիտանիայում Ալիևների ընտանիքին պատկանող սեփականությունների շարքը համալրող հերթական ձեռքբերումը:
Նշվում է, որ Լեյլա Ալիևան տունը նախատեսում էր գնել ադրբեջանցի գործարար և փոփ աստղ Էմին Աղալարովից ամուսնալուծվելուց անմիջապես հետո:
Բնակարանները ձեռք բերելու գործարքը պետք է կատարվեր օֆշորային ընկերության միջոցով, որը պատկանում էր իրավաբան Խալիդ Շարիֆին: Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Mossack Fonseca պանամական ընկերության մասին բացահայտումներից հետո իրավաբանը խոստովանել էր, որ չի հաջողացրել իրականացնել փողերի լվացման գործընթացը: Դատարանը վերջինիս 2016-ին տուգանել էր 45 000 ֆունտ ստերլինգով:
Գործարքը չեղարկվել էր 2016-ին, երբ բացահայտվել էր, որ սեփականությունը կարող է պատկանել Ադրբեջանի իշխող ընտանիքին: Պանամական օֆշորային ընկերությունների գործունեության մասին բացահայտումների ֆոնին՝ Ալիևներին սկսեցին կասկածել «փողերի լվացման» մեջ: