Կացիններով ու ինքնաձիգներով զինված անձինք բանկ են թալանել
Երեկ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել Թբիլիսիի ծայրամասում՝ Վազիսուբանի շրջանում, որտեղ տեղակայված է Վրաստանի բանկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Համաձայն առկա տեղեկատվության՝ 4 դիմակավոր անձինք ներխուժել են բանկի մասնաճյուղ դրա փակումից անմիջապես առաջ՝ հենց այն պահին, երբ ինկասացիայի մեքենան պետք է բանկից տեղափոխեր հավաքված գումարը: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները զինված են եղել ինքնաձիգներով ու կացիններով:
Հարձակման ժամանակ տուժել է բանկի անվտանգության աշխատակիցներից մեկը: Շտապօգնության բրիգադը նրան հիվանդանոց է տեղափոխել: Հայտնի է, որ հարձակվողներին հաջողվել է տանել իրենց հետ գումարը, սակայն կոնկրետ չափ չի հաղորդվում: Ոստիկանությունը որոնում է չարագործներին:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ «ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով, որը պատժվում է 5-7 տարի ազատազրկմամբ: