Բոլոր գերատեսչությունների աշխատակիցները սպասողական վիճակում են. օպտիմալացումից հետո նրանք կարող են զրկվել աշխատանքից
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության կազմի և´ կառուցվածքի մասին փոփոխությունների մասին տեղեկություններն առաջին հերթին անհանգստացրել են այդ գերատեսչությունների միջին ու ստորին օղակի աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին բոլոր գերատեսչությունների աշխատակիցները գտնվում են սպասողական և ճամպրուկային վիճակում՝ հասկանալով, որ օպտիմալացումից հետո կարող են զրկվել աշխատանքից: Եվ խոսքը բավականին մեծ թվով աշխատակիցների մասին է, ովքեր կմնան գործազուրկ:
Ի վերջո, կրճատվելու է մեկ փոխվարչապետի հաստիք, իսկ նախարարությունների թիվն էլ 17-ից կարող է դառնալ 11 կամ 12, և այս փոփոխությունները չեն կարող չհանգեցնել կրճատումների:
Ըստ տարբեր հաշվարկների՝ այս օրերին քննարկումները շարունակվում են, և իշխող ուժի ներկայացուցիչները փորձ են անում հասկանալ՝ որ գերատեսչությունը որին միացնեն, աշխատողներին ինչպես տեղաբաշխեն:
Ընդ որում, նրանք այդ ամենը քննարկելուց հաշվի են առնում և ուսումնասիրում միջազգային փորձը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոփոխությունները միայն նախարարությունների մակարդակով չեն լինելու, և ուսումնասիրվում են նաև կոմիտեների, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատանքները, և այստեղ ևս փոփոխություններ կարվեն:
Մեր տեղեկություններով՝ այս պահին հաշվարկ չկա, թե այս փոփոխությունների արդյունքում քանի մարդ կմնա առանց աշխատանք, սակայն կառավարության ներկայացուցիչները քննարկում են այլընտրանքի ստեղծման հնարավորությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: