ԱՄՆ-ն Թուրքիային Patriot ՀՀՊ կվաճառի
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային Patriot ՀՀՊ-ի վաճառքի 3,5 մլրդ դոլարի հնարավոր գործարքին: Այս մասին հայտնել են Պենտագոնի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անկարան ԱՄՆ-ից թույլտվություն էր խնդրել գնելու Patriot-ի 4 լրակազմ՝ 20 արձակման կայանքներով եւ 80 որսող հրթիռներով:
Պենտագոնից պարզաբանել են, որ Թուրքիան մտադիր է համալիրն օգտագործել իր ՀՀՊ ներուժն ամրապնդելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ տարածաշրջանային սպառնալիքները զսպելու համար:
Գերատեսչությունից հավելել են, որ վաճառքը նախատեսված է Թուրքիայի պաշտպանական հնարավորությունների մեծացման համար՝ «թշնամական ագրեսիայից պաշտպանվելու եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու նպատակով»:
Թույլտվություն տրամադրելու մասին տեղեկությունը հրապարակվել է մի շարք հարցերով 2 երկրների հարաբերություններում լարվածության ֆոնին:
Վաշինգթոնի դժգոհությունն էր հարուցել, մասնավորապես, ռուսական Ս-400 ՀՀՊ համալիրներ գնելու Թուրքիայի ծրագիրը: ԱՄՆ-ն ակտիվորեն հանդես էր գալիս դրա դեմ՝ սպառնալով պատժամիջոցների սահմանմամբ: